Հովհաննես Թումանյանի ամենահայտնի ու սիրված բանաստեղծություններից մեկն է «Սիրիուսի հրաժեշտը», որը հեղինակը գրել է 1922 թվականի հունիսին։
Ձեզ ենք ներկայացնում այս բանաստեղծության ստեղծման պատմությունը, որը չիմանալով այն կարող է ընկալվել որպես մարդկային ու տիեզերական ժամանակների հարաբերության, կյանքի անցողիկության ու հետագա հավերժական գոյության, ավելի լայն՝ երկնայինի ու երկրայինի հարաբերության մի խորհրդանշական պատկեր:
Այնուամենայնիվ «Սիրիուսի հրաժեշտը» իր ստեղծման հանգամանքներով ուղղակի կապ ունի աստղագիտության հետ: Աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը հիշում է, որ նա 1922 թվականին, երբ 14 տարեկան էր, հանդիպել է Հովհաննես Թումանյանին: Զրույցի ժամանակ ապագա խոշորագույն գիտնականը Հովհ. Թումանյանին տեղեկություններ է հաղորդել Սիրիուսի մասին:

«Ինքը Թումանյանն է ինձ հարցրել Սիրուսի մասին: Ասաց՝ «պատմիր Սիրուսի մասին»: Ես էլ պատմեցի:…Ես կարծում եմ, որ առհասարակ մարդը չպետք է մահվան մասին մտածի: Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի և չվախենա մահից: Կարևորը դա է: Դա է հավերժական օրենքը: Մարդն առայժմ չի կարող հասնել ֆիզիոլոգիական անմահության:
Նույն Թումանյանը մեկ այլ քերթվածքում այսպես է ասում. «Գործն է անմահ լավ իմացեք, Որ ապրում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»: Սա խելացի մարդկանց համար է ասել Մեծ լոռեցին: Իսկ հիմար մարդիկ մտածում են րոպեական հաճույքների մասին»:
Այդ աստղի պատմությունն այնքան է տպավորել ու ներշնչել բանաստեղծին, որ նա գրել է այդ բանաստեղծությունը: Առաջին անգամ տպագրվել է հեղինակի ծանոթագրությամբ.
«Սիրիուսը մեզանից հեռանում է անդադար օրական 2625000 վերստ արագությամբ: Նա արևից ավելի մեծ է ծավալով 144 անգամ և ավելի պայծառ 88 անգամ»: