Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, ժայռաբլրի վրա, ներկայումս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք գտնվում է Խոխանաբերդը: Նրա ուղիղ դիմացը Գանձասարն է,իսկ հարավում բարձրանում է անտառապատ Թարխանասարը, որի գագաթը, 13-րդ դարում, Հասան-Ջալալը կառուցապատել և վերածել է անմատչելի բերդի։
Սելջուկ-թուրքերի ասպատակությունների ժամանակ (XII դար) Խաչենի իշխաններն այստեղ էին ամրանում և դիմադրում օտար նվաճողներին։
XII դարի 1-ին կեսին երկու անգամ ավերվել է։ Հասան-Ջալալ Ա (XIII դարի 1-ին կես) այն նորոգել է, կառուցել նոր պարիսպներ, կացարաններ ու մթերանոցներ։ Մոնղոլների արշավանքների և ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մեծ մասը այնտեղ էր ապաստանում և պաշտպանվում։ Վերջնականապես ավերվել է XV — XVI դդ. ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքերի արշավանքների ժամանակ։ Պահպանվում են պարիսպների ու շինությունների մնացորդները։
Ամրոցի կենտրոնական մասն ընդգրկում է Խոխանա ժայռագագաթը՝ իր շրջակայքով։ Այստեղ, ժայռազանդվածի հարավային կողմում (նրա թիկունքին), մի կիսահարթ լանջ-սարավանդակի վրա, որի հարավային հատվածներն է կազմում լեռնազանգվածի շարունակությունը, տեղադրված է Խոխանաբերդ պատմական ամրոց-բնակավայրը՝ շրջապատված լեռնադագաթներով ու ժայռապատնեշներով, ինչպես նաև՝ դարավոր անտառով։ Սարավանդակը հարավից և մասամբ արևելքից ավարտվում է անդնդախոր ձորերով , որոնք էլ ավելի անառիկ են դարձնում անգամ ամրոցամերձ տարածքը։
Տեղանքի ընտրությունը պատահական չէր. հայ իշխանները, ավելորդ արյունահեղություններից խուսափելու նպատակով, ստիպված էին ժողովրդին պատսպարել անմատչելի, դժվարագնաց լեռներում, որպեսզի կարողանային հաջողությամբ պայքարել զավթիչների, դեմ և դրանով իսկ ազատ պահել երկրամասը։
Ըստ մի ավանդության՝ Ջալալ Դոլուն լուր են բերում, թե «կնեկդ խոխան բերալ ա»։ Իշխանն ի պատիվ երեխայի՝ բերդն անվանում է Խոխանաբերդ