Հայաստանի հրաշքների մասին կարելի է խոսել, իսկ Սյունյաց աշխարհը իր մեջ մի աներևակայելի գեղեցկություն ու հին պատմութուն է պահում: Այս անգամ եկել ենք՝ Ձեզ պատմենք Սոսու Պուրակի պատմության մասին, որի մասին շատ քչերը գիտեն:
Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար, իսկ հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ են արել, ինչպես նաև Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Բնական պայմաններում հանդիպում է միայն այստեղ։
Սյունիքի մարզի Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրությունում, «Սոսու պուրակ» արգելավայրն է: Այն Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկն է, որը ստեղծվել է 1958 թվականին՝ ունի 64.2 հեկտար տարածք։
Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մետր բարձրության։ Եթե ուշադիր զբոսնեք՝ կնկատեք, որ բոլոր ծառերը հաշվառված են, այստեղ կա 2000-իվ ավել մայր ծառ։ Պուրակի զարդը 2000 տարեկան սոսին է, որի բնում կարող է տեղավորվել շուրջ 30 մարդ։
«Սոսու պուրակ»-ը նաև իր գեղեցիկ լեգենդ ունի:
Հայկական հին զրույցը պատմում է, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայերը շատ են սիրել սոսի ծառը (ի դեպ, հայերն ընդանրապես ծառապաշտ են)՝ այն համարելով ծառերի նահապետը: Նույնիսկ սոսյաց անտառներ են տնկել և դրանք համարել մաքրության, վսեմության խորհրդանիշ:
Մի անգամ՝ Սյունիքով անցնելիս, պարսից Դարեհ արքան, տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով ու մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա: Նույն օրը հրամայում է՝ հայոց սոսիներից ճյուղեր տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի բանաստեղծական մի պուրակ տնկեն: Պարսիկ բարբարոսները գնում են, գալիս, բայց ոչինչ չի ստացվում. հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում:
— Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում, — զայրացած ասում է Դարեհը, — պետք է աշխարհի ոչ մի անկյունում էլ չաճի:
Եվ մարդիկ է ուղարկում ու կտրել տալիս հիասքանչ պուրակի բոլոր սոսիները: Անցնում է երկու տարի, և պուրակի ծառերը վերընձյուղվում են: Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին:
— Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում, — վրդովված հարցնում է Դարեհը:
— Այդ սոսիների տակ հայերը ցորեն են ցանել, — պատասխանում է գիտուններից մեկը: Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի. ինչ էլ անես, մի տեղից կդալարի:
Ժողովուրդը ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է վերընձյուղվել են: