Գիտե՞ք՝ որտեղ է գտնվում Թմբկաբերդը, որի մասին իր հանրահայտ պոեմում պատմում է Թումանյանը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք արժե իմանալ

Թմբկաբերդը հայտնի է նաև Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի անուններով և ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն։

Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները։ Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր։ Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է 10-րդ դարի աղբյուրներում։ Այն վերահսկում էր առևտրական ուղիներին, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։ 10-րդ դարում արաբ զավթիչները փորձել են գրավել բերդը սակայն անարդյունք։ Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե և Ջաղելի իշխանական տոհմերին։

12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմբկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։

Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմբկաբերդը նվիրել է հայազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան), իսկ նրա եղբայր Զաքարիային Գագը։ 1578 թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։ Այժմ պահպանվել են Թմբկաբերդի ավերակները։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Բացի այդ, բերդի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանաթումբ, որը վերագրվում է մթա III-II հազարամյակներին[1]։ Ավերակ տների պատեր կան նաև բերդի դիմաց, Կուր գետի աջ ափին։